Այս եզրափակիչը շանս է, որ այլևս կարող ենք չունենալ. Պո Գազոլ

August 12, 2012 - 15:09
Այս եզրափակիչը շանս է, որ այլևս կարող ենք չունենալ. Պո Գազոլ

Իսպանաիայի բասկետբոլի հավաքականի առաջատար Պո Գազոլն արդեն գիտի, թե ինչ է նշանակում Օլիմպիական խաղերի եզրափակչում պարտվելը: Նա 4 տարի առաջ նույնպես դուրս եկավ եզրափակիչ ու զիջեց այնտեղ: Marca-ի հաղորդմամբ՝ Գազոլը արդեն սկսում է տխրել, քանի որ ժամանակն արագ է անցնում:

«Մենք գիտենք, որ շատ դժվար է լինելու, բայց չենք դադարելու փորձել: Սա շանս է, որ, հավանաբար, այլևս չի տրվի մեզ»,- ասել է Գազոլը:

Նրա հավաքածուում պակասում է միայն Օլիմպիական խաղերի ոսկին: Այդ կապակցությամբ Գազոլն ասել է. «Մենք դեռևս չենք հասել այդ հաջողությանը, այնպես որ պետք է մեզ զոհենք խաղահրապարակում, նվիրումով խաղանք, ագրեսիվություն ցուցաբերենք և ինտենսիվ պայքար մղենք, ինչպես դա արեցինք վերջին երկու խաղերում: Միգուցե դա մեզ օգնի հաղթանակ տանել»:

Բացի այդ Գազոլը շատ է ցանկանում ռևանշի հասնել Քոբի Բրայանտի նկատմամբ 2008-ի պարտությունից հետո. «Ես շատ անգամներ ամաչում եմ ու չեմ ուզում նրա երեսին նայել: Ինձ համար ոսկին նվաճելը մի հրաշալի բան կլինի, իսկական բավարարվածություն»:

Հիշեցնենք, որ եզրափակիչը ԱՄՆ-ի ու Իսպանիայի միջև կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

1