Արսեն Ջուլֆալակյան. Ռուսն անազնիվ քայլի էր գնացել և մարմնին յուղ քսել
Երեկ շատերը նկատեցին, թե ինչպես է ռուս ըմբիշը Լոնդոնի օլիմպիական խաղերի հունահռոնեկան ըմբշամարտի 74կգ քաշային կարգի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ մեղավոր հայացքով գրկում է երկրորդ տեղը զբաղեցրած հայաստանցի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին։ Արսենի հարցազրույցը, թերևս, կարող է լույս սփռել դրա վրա։
-Երբ հնչում էր Ռուսաստանի հիմնը, արցունքներդ այլևս չկարողացար թաքցնել: Ի՞նչ ապրումների մեջ էիր այդ պահին:
-Տանել չեմ կարողանում, երբ պատվո հարթակին եմ կանգնում և չի հնչում Հայաստանի հիմնը: Մասնավորապես, երբ մեր եռագույնը կախված է լինում: Ավելի դժվար եմ տանում, երբ հնչում է Ռուսաստանի, Թուրքիայի կամ մեկ ուրիշ պետության հիմնը: Մի խոսքով, ոչ մի երկրի հիմնը չեմ սիրում այդ պահին: Սիրում եմ, ու ցանկանում են լսել միայն Հայաստանի հիմնը: Բայց չգիտես ինչու այս վերջին երկու տարիները արծաթների շարք են, ինքս էլ չգիտեմ, թե ինչու է իմ քառամյակն ավելի շատ արծաթային և օլիմպիադան էլ շարունակվեց արծաթով: Հուսամ` ոսկին երկար սպասել չի տա: Գուցե սա է բարին, որ ես դեռ ձգտեմ իմ օլիմպիական ոսկե մեդալին և ժամանակից շուտ չավարտեմ սպորտային կարիերաս:
-Իսկ նման մտադրություն ունե՞ս. դեռ այսօր ես դարձել օլիմպիական փոխչեմպիոն:
-Եթե ոսկին նվաճեի` գուցե մտածեի այդ ուղղությամբ: Բայց քանի դեռ չեմ իրականացրել իմ մանկության երազանքը, կշարունակեմ գնալ այդ երազանքիս ետևից:
-Արսեն, դու գոտեմարտի ժամանակ փոխեցիր գլորում հնարքի քո դիրքը: Ինչո՞ւ մրցակցիդ շփոթեցնելու քո մտադրությունը հաջողությամբ չավարտվեց:
-Դա իմ լավագույն հնարքներից է, որը մշտապես օգտագործում եմ գոտեմարտերիս ժամանակ: Դեռ փոքր տարիքից իրականացրել եմ այդ հնարքը և մշտապես ավարտել եմ այդ հնարքն իմ օգտին: Այս գոտեմարտի ժամանակ ես տեղում որոշեցի կատարել գլորում հնարքն այդ դիրքից, քանի որ ռուս ըմբիշը կրկնօրինակել էր թուրք ըմբիշին` անազնիվ քայլի էր գնացել և մարմնին յուղ էր քսել: Ես դա զգացի հատկապես երկրորդ մրցափուլում, քանի որ Ռոմանի մարմինն արդեն քրտնած էր, իսկ յուղը բարդացնում էր կատարել հնարքներս, ձեռքերս սահում էին և ես չէի կարողանում նրան բռնել: Ես ընտրեցի կողքից գլորելու հնարքը, որպեսզի նրա մարմնի քրտնածությունը և արտադրված յուղն այդքան շատ դեր չխաղա:
Ամեն դեպքում սա անազնիվ քայլ էր: Ուղղակի Ռոմանը պատահական մարզիկ չէ: Նա պատրաստ էր նույնիսկ իմ այդ հնարքին պաշտպանվելուն: Փորձեցի ամեն գնով նրան գլորել, բայց չստացվեց:
Ես դիտելու եմ իմ գոտեմարտի տեսագրությունը, որովհետև չհասկացա, թե ինչու առաջին մրցափուլում Ռոմանին մեկ միավոր տվեցին: Եթե հանկարծ ես մեկ միավոր վերցնեի երկրորդ մրցափուլում, երրորդ մրցափուլում հաղթանակը միանշանակ և անկասկած իմը կլիներ: Որովհետև Ռոմանը անչափ հոգնած էր, նույնիսկ, չէր կարողանում ոտքի վրա կանգնել:
-Իսկ դու հոգնած չէի՞ր:
-Հոգնած էի, բայց այնքան չէ, որ չկարողանայի միավոր վաստակել: Ճիշտն ասած, իմ մարտավարությունը հենց դա էր. նրան շատ հոգնեցնել և կատարել իմ հնարքները: Ամեն դեպքում, ես ավելի պատրաստ էի երկար գոտեմարտի, քան Ռոմանը:
-Արսեն, իսկ մրցավարների գործողություններից գո՞հ ես: Կողմնապահություն նկատեցի՞ր:
-Միակ բանը, որ նկատեցի, դա յուղի օգտագործման հանդեպ մրցավարների անտարբերությունն էր: Օրենքում յուղի օգտագործումը չի թույլատրվում: Բայց զարմանալիորեն, մրցավարները Ռոմանի կողմից յուղի օգտագործումն անուշադրության մատնեցին: Իսկ մնացած ամեն ինչ անաչառ էր, շատ մաքուր: Ինչպես մյուս գոտեմարտերում, այնպես էլ եզրափակիչում, չեղավ մի դրվագ, որ մրցավարները սխալ որոշում կայացնեին: Մաքուր գոտեմարտ անցկացրեցինք, իսկ մրցավարներից գոհ եմ, որովհետև չփորձեցին խանգարել իմ որևէ գոտեմարտի:
Այս մասին Արսեն Ջուլֆալակյանն ասել է news.am-ին տված հարցազրույցում (ներկայացված է կրճատումներով)։


