Արտակ Ալեքսանյան. Հստակ առաջարկներ դեռևս չկան

July 9, 2012 - 12:20
Արտակ Ալեքսանյան. Հստակ առաջարկներ դեռևս չկան

Օրերս մերձմոսկովյան «Խիմկին» հրաժարվեց մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանի, Մ21 հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանի և Մ19 հավաքականի պաշտպան Էդուարդ Թաթոյանի ծառայություններից:

SportArmenia-ն զրուցել է 21-ամյա Արտակ Ալեքսանյանի հետ.

-Արտակ, ո՞րն էր պատճառը, որ միանգամից երեք հայ ֆուտբոլիստներ հեռացան «Խիմկիից»:

-Հեռացան ոչ միայն հայ խաղացողները. ցրվեց գրեթե ողջ թիմը: Պարզապես ղեկավարությունը փոխվեց… Նրանք նոր թիմ են կառուցում:

-Պայմանագիրդ մինչև ե՞րբ էր նախատեսված:

-Դեռ մեկ տարի այն ուժի մեջ էր:

-Փորձաշրջան էիր անցնում «Ուֆայի» կազմում, ի՞նչը չստացվեց:

-Մասնակցեցի մեկ հանդիպման և վերջ: Պարզապես մի բան պայմանավորվեցինք, իսկ արդյունքում միանգամայն այլ բան ստացվեց… Մանրամասներին տեղյակ չեմ, նրանց հետ բանակցում էր իմ գործակալը:

-Իսկ դու կցանկանայի՞ր կարիերադ այդտեղ շարունակել:

-Հարաբերական է, կախված, թե ինչ պայմաններ ինձ կառաջարկեին:

-Այժմ առաջարկներ ունե՞ս:

-Դեռևս հստակ ոչինչ չկա: Բոլոր հարցերով զբաղվում է գործակալս: Ես ինքս էլ սպասում եմ: Շատ եմ ցանկանում շարունակել խաղալ:

-Ինչպե՞ս ես պահպանում մարզավիճակդ:

-Առայժմ ինքնուրույն եմ մարզվում:

-Եվ մեկ հարց երիտասարդական հավաքականի վերաբերյալ: Հունիսին Մ21 ընտրանին հաղթեց Անդորրային, այդ խաղին դու բացակայում էիր, ո՞րն էր պատճառը:

-Կարծում եմ` այդ հարցն ինձ չպետք է ուղղել: Անձամբ ես շատ կցանկանայի խաղալ, իսկ թե ինչու այդպես ստացվեց, չգիտեմ:

Զրուցեց Անուշ Անանյանը

Նկարը` «Խիմկիի» պաշտոնական կայքի

1