Ֆեդերերը լացացրեց Մարեյին (լուսանկարներ)
«Ուիմբլդոնի» եզրափակչում ATP վարկանիշային աղյուսակի 3-րդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 4 սեթում (4:6, 7:5, 6:3, 6:4) պարտության մատնեց բրիտանացի Էնդի Մարեյին և կարիերայի ընթացքում 7-րդ անգամ նվաճեց թենիսի ամենահեղինակավոր մրցաշարի չեմպիոնական տիտղոսը:
Մարեյը հաղթանակի դեպքում կարող էր երջանկության արցունքներ պարգևել ողջ Բրիտանիային. վերջին 76 տարում նա միակ բրիտանացին է, ում հաջողվել է դուրս գալ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ: Այդուհանդերձ, Էնդին միայն առաջին սեթում առավելություն ուներ և այն հաղթեց 6:4 հաշվով:
Մյուս սեթերում բոլոր ժամանակների լավագույն թենիսիստներից մեկի առավելությունն ակնհայտ էր: 2-րդ սեթը Ֆեդերերը հաղթեց 7:5 հաշվով, 3-րդը` 6:3, իսկ 4-րդը` 6:4:
Այսպիսով, Ֆեդերերը 7-րդ անգամ հռչակվեց Ուիմբլդոնի չեմպիոն` այս ցուցանիշով հավասարվելով լեգենդար Փիթ Սամփրասին: Բացի այդ Ռոջերն իր 17-րդ «Մեծ սաղավարտի» չեմպիոնական տիտղոսը նվաճեց (այս ցուցանիշով նա ռեկորդակիր է) և երկարատև ընդմիջումից հետո վաղը կրկին կգլխավորի ATP վարկանիշային աղյուսակը:
Խաղից հետո Մարեյը չէր կարողանում խոսել, քանի որ չէր կարողանում զսպել արցունքները և հավաքել մտքերը։
Տեղեկացնենք նաև, որ եզրափակչին ներկա էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Քեմբրիջի դքսուհի Քեթրինը, հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, լեգենդար թենիսիստ Ռոդ Լեյվերը։









































