Հուլիսի 2-ը մարզական լրագրողների միջազգային օրն է
Այսօր ողջ աշխարհում նշում են մարզական լրագրողների միջազգային օրը:
Չնայած երկար ժամանակ մարզական լրագրողներն անտեսված են եղել և մինչ օրս էլ բազմաթիվ թերթերում և կայքերում, ինչպես նաև հեռուստաեթերում մարզական լուրերը վերջին պլան են մղված, այդուհանդերձ, մեր աշխատանքը թերագնահատել չի կարելի:
Գաղտնիք չէ, որ այսօր սպորտի միջոցով են լուծում ստանում նաև բազմաթիվ քաղաքական հարցեր: Հենց մարզական միջոցառումների ժամանակ են տարբեր երկրների ղեկավարները հաշտության ընդհանուր եզրեր փնտրում ու գտնում: Սպորտն այսօր համարվում է խաղաղության հիմնական գրավականներից մեկը, և, տվյալ դեպքում, մարզական լրագրողներն են այդ ամենի լուսաբանողն ու տարածողն են:
Մարզական լրագրողների տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի օլիմպիական կոմիտեն և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը.
«Հուլիսի 2-ը մարզական լրագրողների միջազգային օրն է: Այդ առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շնորհավորում են մարզական լրագրողների համապետական ֆեդերացիային և երկրի բոլոր մարզական լրագրողներին: Մարզական լրագրողների դերը չափազանց մեծ է հայրենական սպորտի զարգացման, բնակչության առողջության ամրապնդման գործում:
ԶԼՄ-ների մարզական բաժինների աշխատակիցներն են ներկայացնում հայրենական սպորտի լույսն ու ստվերը, խրախուուսում հայ մարզիկների հաղթանակները, քննադատում մարզական կազմակերպություններում տեղ գտած թերությունները: Հայաստանի մարզական լրագրողներին մաղթում ենք առողջություն, հաջողություն աշխատանքում և անձնական կյանքում»,- ասված է ուղերձում:
SportArmenia-ի անձնակազմը սիրով ընդունում և միանում է բոլոր շնորհավորանքներն: Տոնդ շնորհավո՛ր, մարզական լրագրող:


