Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց նաև Իտալիային

May 28, 2012 - 18:55
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց նաև Իտալիային

Այսօր իտալական Գաբիչե Մարե քաղաքում ավարտվել է մինչև 19 տարեկանների հավաքականների էլիտ-ռաունդի 7-րդ խմբի մրցաշարը։ Ցավոք, մեր հավաքականը չկարողացավ տանել ոչ մի հաղթանակ՝ երեք խաղերից ընդամենը մեկն ավարտելով ոչ-ոքի։

Այսօր կայացած Իտալիա – Հայաստան խաղում մեր ֆուտբոլիստները կրկին պարտություն կրեցին՝ 4։1։ Նախ խաղի հաշիվը 2-րդ րոպեին բացեց իտալացիների ավագ Մատիա Վալոտին։14-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Անդրեա Բելոտին։  Մեր տղաները 18-րդ րոպեին Աղվան Պապիկյանի ջանքերով կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 2։1։ Սակայն երկրորդ խաղակեսում իրավիճակը չփոխվեց։ Ավելին, մեր հավաքականը 73-րդ րոպեից մնաց 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստանալու համար դաշտից հեռացվեց Գրիգոր Հովհաննիսյանը։ Դրանից հետո իտալացիները կարողացան 3-րդ անգամ գրավել մեր դարպասը․ 83-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Ստեֆանո Բելտրամեն։ Խաղի վերջնական հաշիվը սահմանեց փոխարինման դուրս եկած իտալացի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Մասիմիլիանո Բուսելյատոն (89ր․)՝ 4։1։ Նշենք նաև, որ խաղի 91-րդ րոպեին դաշտից հեռացվեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Թաթոյանը։

Զուգահեռ խաղում Իսպանիան 2։1 հաշվով հաղթեց Բելգիային։

Հիշեցնենք, որ սա խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրն էր։ Եվրոպայի առաջնության միակ ուղեգիրն արդեն նվաճել էր Իսպանիայի հավաքականը, որն առաջին երկու տուրերում տոնել էր երկու հաղթանակ։ Մեր հավաքականը նախորդ երկու հանդիպումներում կրել էր մեկ պարտություն և մեկ խաղ ավարտել ոչ-ոքի։ Այսպիսով, Հայաստնի ընտրանին 7-րդ խմբում զբաղեցրեց վերջին՝ 4-րդ հորիզոնականը։

1