Բարսելոնայի ոճով խաղացի. Անանդ
Աշխարհի չեմպիոնական տիտղոսի համար մղվող Վիշվանաթհան Անանդ – Բորիս Գելֆանդ հանդիպման 9-րդ պարտիայից հետո հնդիկ գրոսմայստերը հայտարարել է, որ ինքը «Բարսելոնայի» ոճով է հավասարեցրել խաղը: Նշենք, որ Անանդը կատալոնական ակումբի հիմնական հակառակորդ Մադրիդի «Ռեալի» երկրպագու է:
«Ես խաղացի «Բարսելոնայի» ոճով, որը միշտ վերահսկում է դաշտի հիմնական մասերը: Ընդհանրապես ես չեմ սիրում պատնեշներ կառուցել, բայց դա կարևոր գործոն է, որը թույլ է տալիս ոչ-ոքի արդյունքի հասնել: Եթե անհրաժեշտ է լինում, ես դիմում եմ այդ քայլին:
Մեկնարկում ես ինչ-որ բան բաց թողեցի և դիրքս շատ ավելի վատն էր, քան` Գելֆանդինը. ես 2 ձի ունեի` սպիտակների 2 փղի դիմաց: Միակ բանը որ կարող էի անել, պետք է ֆիգուրների փոխանակման գնայի, ինչից հետո մրցակիցն արդեն փղեր չուներ և ես հանգիստ պատնեշներ կառուցեցի»,- Անանդի խոսքերն է մեջբերում Ria-Novosti-ն:


