Մայիսի 16-ի տրանսֆերային լուրերը՝ մեկ շարքով
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Քևին Փրինս-Բոատենգին: Ինչպես հայտնի է դարձել 4-4-2.com կայքին, Գանայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի համար «քաղաքացիները» պատրաստ են առաջարկել 15 մլն եվրո և պաշտպան Ալեքսանդր Կոլարովին:
«Բարսելոնան» աչք է դրել «Վիլյառեալի» միանգամից 4 խաղացողի վրա: Հիշեցնենք, որ իսպանական ակումբը դուրս է մնացել բարձրագույն խմբից: Tribalfootball.com կայքի համաձայն՝ կապտա-նռնագույնները դիտարկում են դարպասապահ Դիեգո Լոպեսին, կիսապաշտպաններ Բորխա Վալերոյին, Բրունո Սորիանոյին և հարձակվող Նիլմարին ձեռք բերելու հնարավորությունը;
«Ռեալի» կիսապաշտպան Կական բավականին գայթակղիչ առաջարկ է ստացել Չինաստանից: Ըստ Tribalfootball.com-ի՝ «Շանհայ Շենհուան» պատարստ է 30-ամյա բրազիլացուն տարեկան վճարել 15 մլն եվրո աշխատավարձ: Հիշեցնենք, որ վերջերս «Շանհայի» գլխավոր մարզչի օգնական էր նշանակվել արքայական ակումբի նախկին ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան, իսկ Կակայի նկատմամբ հավակնություններ ունեն նաև «ՊՍԺ»-ն և «Միլանը»:
«Պեսկարայի» 19-ամյա կիսապաշտպան Մարկո Վերատիի գործակալը հաստատել է «Յուվենտուսի» հետ բանակցություններ վարելու փաստը: «Յուվենտուսը ուշադիր հետևում է ֆուտբոլիստի խաղին: Ներկա պահին Վերատիի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն «Յուվենտուսը», սակայն հենց բյանկոներիներն են հաստատել իրենց մտադրության մասին», – ասել է Դոնատո Դի Կապլին: Հիշեցնենք, որ վերջերս Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պրանդելլին Վերատիին ընդգրկել էր Եվրո 2012-ի թիմի ընդլայնված հայտացուցակում:
«ՊՍՎ»-ի կիսապաշտպան Քևին Ստրոտմանը հայտնվել է իտալական գերակումբների ուշադրության կենտրոնում: Footballpress.net կայքի հաղորդմամբ՝ հոլանդացու հանդեպ անտարբեր չեն «Ինտերը» և «Միլանը»: Մարկ Վան Բոմելի հեռանալուց հետո «Միլանը» նոր հենակետային է փնտրում, ուստի ամռանը իտալական ակումբը կփորձի ձեռք բերել «ՊՍՎ»-ի ծագող աստղին, սակայն դրա համար պետք է հաղթող դուրս գա «Ինտերի» հետ պայքարում:
Todomercadoweb.es կայքի համաձայն՝ «Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա»: Ֆուտբոլիստի պայմանագիրը «կապույտների» հետ ավարտվում է այս ամռանը: Իվուարցին նախատեսում էր երկարաձգել այն, սակայն լոնդոնյան ակումբի ղեկավարությունը այդպես էլ նոր պայմանագիր չառաջարկեց: Նա մի քանի առաջարկ է ստացել ոչ եվրոպական թիմերից, սակայն Դրոգբան ցանկանում է հանդես գալ ամենաբարձր մակարդակով: Դրոգբայի գործակալը հաստատել է, որ կատալոնյան ակումբը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է նրան երկու տարվա պայմանագիր առաջարկել:
«Յուվենտուսը» հետաքրքրված է «Տոտենհեմի» պաշտպան Բենուա Ասու-Էկոտոյի ծառայություններով: Այս մասին գրում է Sky Sport 24-ը: Նշենք, որ 28-ամյա խաղացողի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ տարի, և եթե նա չերկարաձգի այն, ապա «Տոտենհեմը» ստիպված կլինի վաճառել նրան հաջորդ տարի անվճար բաց չթողնելու համար:
Նկարում Քևին-Փրինս Բոատենգն է:


