Ոչ մի ուղեգիր` Չինաստանից. Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար
Չինաստանում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի 8 ներկայացուցիչներից և ոչ մեկը չկարողացավ Լոնդոնի ուղեգիր նվաճել: SportArmenia-ն ներկայացրել էր երեկ կայացած մարտերի արդյունքները:
Այսօր ազատ ոճի գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ռուսլան Բասիևը 2 մարտ հաղթեց, սակայն քառորդ եզրափակիչում զիջեց կորեացի Յին Կուն Նամին և դուրս մնաց հետագա պայքարից:
Հունահռոմեական ոճի 55 կգ քաշային կարգում մեր նույնպես կորեացին կանգնեց հայ ըմբիշի ճանապարհին: Ռոբերտ Կիրակոսյանը երկու մարտ հաղթելուց հետո պարտվեց Յոնգ կյու Չոյին: Վերջինս դուրս եկավ եզրափակիչ, սակայն Ռոբերտը երրորդ տեղի համար պայքարում զիջեց Գերմանիան ներկայացնող Ցեյհուն Զաիդովին ու զրկվեց ուղեգրից:
60 կգ քաշային կարգում Արթուր Մկրտչյանն առաջին իսկ մենամարտում պարտություն կրեց վրացի Ռեվազ Լաշխիից:
Ապասելիքները մեծ էին Արամ Ջուլֆալակյանից (66 կգ): Մեր ըմբիշը 3 հաղթանակ տարավ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց մրցաշարի հաղթղ հունգարացի Տամաշ Լորինցին: Երրորդ տեղի համար պայքարում Արամը պարտություն կրեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Արմեն Վարդանյանից:
Տիգրան Սահակյանը (84 կգ) 1/8 եզրափակիչում պարտվեց իրանցի Հաբիբոլահ Ախլաղիին, սակայն 3-րդ տեղի համար պայքարելու հնարավորություն ստացավ. իրանցին հաղթեց բոլորին ու չեմպիոն հռչակվեց: Այդուհանդերձ, Տիգրանին նույնպես չհաջողվեց ուղեգիր վաստակել, նա զիջեց ֆրանսիացի Մելոնին Նոումովիին:
Վաղը պայքարի մեջ կմտնեն 96 և 120 կգ քաշային կարգերի ըմբիշները, որտեղ Հայաստանը ներկայացուցիչ չունի: Այսպիսով, Չինաստանի օլիմպիական վարկանիշային մրցաշարը ձախողված է հայ ըմբիշների համար. Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ այս մրցաշարում օլիմպիական ուղեգիր չնվաճեց:


