Արթուր Աբրահամ. Դատապարտում եմ Հայոց Մեծ Եղեռնը

April 23, 2012 - 13:12
Արթուր Աբրահամ. Դատապարտում եմ Հայոց Մեծ Եղեռնը

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի «Այլևս երբեք»  (Never Again) խորագիրը կրող նախագծին:

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները, արվետագետները, մարզիկները, միանալով Ֆլորա Մարտիրոսյանի նախագծին, նպատակ ունեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել Հայոց ցեղասպանության և մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, միաժամանակ աշխարհին հույսի և խաղաղության կոչ հղել:

«Միանում եմ  «Այլևս երբեք» նախագծին` դատապարտելով մարդկության հանդեպ ոճրագործությունները, այդ թվում` Հայոց Մեծ Եղեռնը: Ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխման նպատակով պատրաստ եմ գործադրել ողջ ջանքերս:  Բոլորս դեպի խաղաղություն»,- նշել է Արթուր Աբրահամը:

Երևանում կայացած հանդիպման ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանը Արթուր Աբրահամին ներկայացրել է նախագծի մանրամասները, առաջիկա ծրագրերը: Երգչուհին նշել է, որ Լոս Անջելեսի  «Գիբսոն» համերգասրահում 2011 թվականի նոյեմբերի 1-ին մեկնարկած խաղաղության համերգաշարը շարունակություն կունենա Ռուսաստանում, Եվրոպայում, Արևելքի երկրներում, իսկ 2015 թվականին` Հայաստանում:

Տեղեկացնենք, որ Լոս Անջելեսի համերգին Հայոց ցեղասպանությանը «Ոչ» են ասել մի շարք հանրահռչակ երգիչ-երգչուհիներ` հույն երգչուհի Ալեքսիա Վասիլիուն, «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակաբաշխության կրկնակի մրցանակակիր Էրիկ Բենեթը, հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայր` պոետ, դերասան Մայքլ Սթոունը, համաշխարհային գերաստղ, խաղաղության դեսպան Սթիվի Ուանդերը:

Արթուր Աբրահամի մամուլի ծառայություն

1