Արթուր Աբրահամ. Դիմացինդ տանձիկ չէ. բոլորին չես կարող նոկաուտ անել
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը այսօր «Ուրբաթ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց վերջին մարտից և առաջիկա անելիքներից:
«Նախավերջին մենամարտս` Ֆարիասի դեմ, բավականին հեշտ ստացվեց, Վիլշևսկու հետ շատ չարչարվեցի, բայց կարևորը, որ հաղթեցի և իրավունք ստացա աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտել: Հաջորդ մրցակիցս Ռոբերտ Շտիգլից – Ջորջ Գրոուվս մենամարտի հաղթողը կլինի: Կարծում եմ` Շտիգլիցը կհաղթի: Նա նույնպես Գերմանիան է ներկայացնում և նրա հետ մարտը, որը կկայանա օգոստոսին, շատ ավելի հետաքրքիր կլինի, քան ինչ-որ անգլիացու հետ:
Բոլորը սպասում էին, որ նոկաուտ կանեմ Վիլշևսկուն, բայց բոլորին չես կարող նոկաուտով հաղթել. դիմացինդ տանձիկ չէ, նա էլ ցանկանում հաղթել»,- ասաց Արթուր Աբրահամը, ով ասուլիսի սկզբում զգուշացրեց, որ Հայաստան կատարած այցը ոչ մի կապ չունի ներքաղաքական կյանքի հետ:
Արթուրն անդրաձավ նաև անձնական կյանքին:
«Անձնական կյանքում անակնկալ ունեմ, բայց «առուն թռնենք, նոր ասենք հոպ»,- ասաց Աբրահամն ու հավաստիացրեց, որ իր հարսնացուն հեռուստահաղորդավարուհի Գոհար Գասպարյանը չէ, ում հետ ընդամենը մտերիմ ընկերներ են:


